Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2017, 782 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ XVIII.I. գլխով.

«XVIII.I. ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ
ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՑԱԴՈՒԼ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ) ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

173.1. Հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից գիտակցաբար և սեփական կամքով ցանկացած տեսակի սննդամթերքից և (կամ) ջրից որոշակի ժամկետով կամ անժամկետ հրաժարվելն է, ինչի մասին վերջինս բանավոր կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմ:
173.2. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը ենթակա է անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Հացադուլ իրականացնելը չի հանգեցնում կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման և նրա համար չի կարող առաջացնել անբարենպաստ հետևանքներ:
173.3. Հացադուլ իրականացնելու փաստը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հաղորդում է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին և դատախազության համապատասխան ստորաբաժանում, իսկ կալանավորված անձի դեպքում` նաև քրեական վարույթն իրականացնող մարմին` նշելով հացադուլ իրականացնող անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը կամ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, կալանավորման կամ պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:
173.4. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղեկացնում է նրա փաստաբանին (եթե հացադուլ իրականացնող անձն ունի փաստաբան), նրա մերձավոր ազգականներից մեկին կամ նրա կողմից ընտրված անձին: Հացադուլ իրականացնող անչափահաս անձի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում:
173.5. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարության մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնելուց հետո իրենց իրավասության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են իրականացնում ավագ բուժաշխատողը (այսուհետ՝ բժիշկ) և սոցիալական կամ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը:
173.6. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները` անկախ ուղղիչ հիմնարկի տեսակից (բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների): Խուցը պետք է առնվազն ապահովված լինի սույն կանոնակարգի 46-րդ կետով նախատեսված պայմաններով:
173.7. Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող անձը գտնվում է մշտական (ամենօրյա) բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող անձին նրան հասկանալի լեզվով ներկայացնում է սննդամթերքից և (կամ) ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
173.8. Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող անձի կողմից սննդամթերքի և (կամ) ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում՝ արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:
173.9. Հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում հացադուլը դադարեցնելու նպատակով: Նրան տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումը չեն կարող պայմանավորվել հացադուլը դադարեցնելու միտումով:
173.10. Հացադուլ իրականացնող անձի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս առանց իր համաձայնության տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում՝ արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվեն մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում՝ պահպանելով հացադուլ իրականացնող անձի հիմնական իրավունքները և ազատությունները:
173.11. Հացադուլ իրականացնող անձի հարկադիր կերակրումն արգելվում է:
173.12. Հացադուլ իրականացնելու ընթացքում հացադուլ իրականացնող անձին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա սննդաբաժինը, իսկ հրաժարվելու դեպքում նշում է կատարվում քրեակատարողական հիմնարկի օրվա ճաշացանկից չօգտվողների ցուցակում:
173.13. Հացադուլ իրականացնող անձի տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկ, քննչական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում, բուժաշխատողի ուղեկցությամբ:
173.14. Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում 173.3-րդ կետում նշված պետական մարմիններին և պաշտոնատար անձանց: Բժշկի կողմից հացադուլ իրականացնող անձի բժշկական քարտում հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարության կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելու մասին կատարվում է համապատասխան գրառում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը: