Վարչապետի որոշումներ

27 Հունվարի 2017, 62 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» N 300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով:».
2) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Աշխատակազմը խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 3000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև աշխատակազմի պաշտոնական www.moj.am կայքում և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում:»,
գ. 5-րդ կետից հանել «աշխատանքային» բառը,
դ. 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերով,
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Մասնավոր հատվածի (այսուհետ՝ գործարար ոլորտի) հասարակական կազմակերպությունների մրցույթն անցկացվում է այլ հասարակական կազմակերպությունների մրցույթից առանձին: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը չորս հասարակական կազմակերպություններ (ընդ որում՝ կազմակերպություններից երկուսը պարտադիր պետք է լինեն գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ), ապա այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են չորսից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա հայտ ներկայացրած կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ փուլը՝ վիճակահանությունը: Գործարար ոլորտի հասարակական կազմակերպությունների վիճակահանությունն իրականացվում է առանձին: Հայտ ներկայացրած կազմակերպությունները վիճակահանության օրվա և ժամի մասին ծանուցվում են (հեռախոսով կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով) վիճակահանությունից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:»,
զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Ռոտացիայի սկզբունքը կիրառելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմն առաջին չորս կազմակերպությունների ներգրավումից հետո երկու տարի անց հրապարակում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին նոր հայտարարություն՝ համաձայն սույն կարգի 2-րդ գլխի դրույթների: Տվյալ պահին խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են հայտ ներկայացնել: Մինչև ընդգրկման նոր գործընթացի ավարտը նրանք շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:»,
է. 26-րդ կետում «երկու հասարակական կազմակերպություններ» բառերը փոխարինել «չորս հասարակական կազմակերպություններ (ընդ որում՝ կազմակերպություններից երկուսը պարտադիր պետք է լինեն գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ)» բառերով, «կազմակերպությունները երկուսից ավելի են» բառերը՝ «կազմակերպությունները չորսից ավելի են (այդ թվում՝ գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ)» բառերով, իսկ «հասարակական կազմակերպությունն մեկն է, ապա վիճակահանությամբ որոշվում է, թե խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունից որն է շարունակելու անդամությունը» բառերը՝ «հասարակական կազմակերպությունների թիվը չորսից պակաս է, ապա վիճակահանությամբ որոշվում է, թե խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունից որն է (որոնք են) շարունակելու անդամությունը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։