Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2016, 891 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստի որոշումը՝
1. Սահմանել, որ 2016 թվականի հոկտեմբերի 13-15-ը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գտնվող «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության «ԱրմՀայՏեք-16»/«ArmHiTec-16»միջազգային ցուցահանդեսի (այսուհետ՝ ցուցահանդես) կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) ապահովել օտարերկրյա պետությունների շահագրգիռ ներկայացուցիչներին համապատասխան հրավերների ուղարկումը.
2) հաստատել ցուցադրման համար նախատեսվող՝ տեղական արտադրության
քաղաքացիական, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների անվանացանկն ու դրանց քանակները.
3) հաստատել ցուցադրման համար նախատեսվող՝ օտարերկրյա պետությունների արտադրության ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների անվանացանկն ու դրանց քանակները.
4) հանդիսանալ օտարերկրյա պետությունների արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների` բեռի ստացող հաս ցեատեր և իրականացնել դրանց ժամանակավոր ներմուծման ու վերաարտահանման փաստաթղթերի մաքսային ձևակերպումները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 9118500.0 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախահաշվի:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի հիման վրա ապահովել մուտքի արտոնագրերի տրամադրումը ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պատվիրակությունների անդամներին (առանց տուրքերի գանձման):
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ցուցահանդեսի անցկացման օրերին և դրա տարածքում կազմակերպել և ապահովել շուրջօրյա բժշկական սպասարկում:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել ցուցահանդեսի անցկացման օրերին և դրա տարածքում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների շուրջօրյա հերթապահությունը և ծագած արտակարգ իրավիճակներին արագ արձագանքումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման ընթացքում իրականացնել միջոցառումներ հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ցուցահանդեսին մասնակցող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների հետ համատեղ ապահովել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսի միջոցառումների շրջանակներում ներմուծվող և վերաարտահանվող քաղաքացիական, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Առաջարկել՝
1) Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` աջակցել ցուցահանդեսի կազմկոմիտեին՝ ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումները զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանելու համար.
2) Երևանի քաղաքապետին` ցուցահանդեսի կազմկոմիտեի առաջարկների հիման
վրա ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման ընթացքում ցուցաբերել տեղեկատվական աջակցություն և օժանդակել դրա անցկացման հետ կապված գովազդային միջոցառումների իրականացմանը: