23 Ապրիլի 2004, 265 - Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի`
1. Հաստատել ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը մշակված է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) պահանջներին համապատասխան:
2. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) լիազոր մարմնին փորձագիտական եզրակացություն է տալիս վերջինիս կողմից դրական կարծիքի արժանացած ուսումնասիրության հատուկ և հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների դիմումների վերաբերյալ` բացառությամբ մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիաների:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` լիազոր մարմնի առաջարկության հիման վրա:
4. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին նիստի հրավիրման օրվանից առնվազն 2 օր առաջ իրազեկվում են նիստը հրավիրող լիազոր մարմնի ներկայացուցիչ` հանձնաժողովի անդամի կողմից:
5. Հանձնաժողովի նիստերը վարում է նիստը հրավիրած լիազոր մարմնի ներկայացուցիչ` հանձնաժողովի անդամը։
6. Լիազոր մարմնի ներկայացուցիչ` հանձնաժողովի անդամը պատրաստում է նիստի արձանագրությունը, որն ստորագրում են նիստին մասնակցած հանձնաժողովի անդամները։
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
III. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8. Փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է հիմնվելով`
ա) օրինականության,
բ) գիտական հիմնավորվածության,
գ) հրապարակայնության վրա:
9. Փորձագիտական եզրակացությունը տրամադրելիս իրականացվում է`
ա) դիմումին կից ներկայացված փաստաթղթերի նպատակահարմարության, իրատեսության և արդյունավետության վերլուծություն,
բ) բնական պաշարների համալիր, արդյունավետ և բնականոն օգտագործման ու պահպանման ապահովման վերլուծություն,
գ) դիմումին կից ներկայացված փաստաթղթերով նախատեսվող գործունեության` էկոհամակարգի կայունության վրա ազդեցության, ինչպես նաև վտանգավոր ազդեցության աստիճանի գնահատում,
դ) դիմումին կից ներկայացված փաստաթղթերով նախատեսված գործունեության էկոլոգիական հետևանքների ստույգության, այդ հետևանքների կանխարգելման կամ նվազեցման համար նախատեսվող միջոցառումների վերլուծություն:
IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվում են լիազոր մարմին դիմումատուի կողմից օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև լիազոր մարմնի դրական կարծիքը:
11. Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը օրենքով սահմանված ժամկետներում տրամադրվում է լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:
12. Փաստաթղթերը, օրենքի պահանջներին համապատասխան լրիվ և լիարժեք չլինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են լիազոր մարմին` լրամշակելու և լրակազմելու նպատակով:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
13. Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ (բաց քվեարկությամբ):
14. Փորձագիտական եզրակացությանը կցվում են հանձնաժողովի այն անդամների հատուկ կարծիքները, որոնք համաձայն չեն հանձնաժողովի կողմից ընդունված փորձագիտական եզրակացությանը:
15. Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը ներառում է`
ա) ծրագրային խնդիրների և միջոցառումների հիմնավորվածության աստիճանի գնահատականը,
բ) ծրագրային խնդիրների և միջոցառումների ռեսուրսային, այդ թվում՝ ֆինանսական ապահովվածության գնահատականը,
գ) ծրագրերի մշակվածության և իրատեսության վերաբերյալ ամփոփ գնահատականը,
դ) այլ տեղեկություններ և վերլուծություններ, որոնք հանձնաժողովը կհամարի անհրաժեշտ` ծրագրերի մասին լիարժեք փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Հանձնաժողովն իր իրավասությանն առնչվող հարցերի կապակցությամբ համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
17. Հանձնաժողովն իրավասու է փորձագիտական եզրակացության տրամադրման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված կարգով ստանալու իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր: