Վարչապետի որոշումներ

30 Հոկտեմբերի 2013, 993 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 2013 թվականի հոկտեմբերի 23-25-ը Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն Ղազախստանի Հանրապետության պատվիրակության (15 մարդ) այցը կազմակերպելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, ինչպես նաև հյուրերի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում դիմավորումն ու ճանապարհումը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել հյուրերի սնունդն ու կեցությունը, նրանց սպասարկման համար անհրաժեշտ թվով փոխադրամիջոցները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել պատվիրակության ուղեկցման համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմ:
4. Նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 1.773.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվության: