Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2013, 310 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Բաց տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ բաց տիեզերքի խաղաղ օգտագործման հետևյալ պայմանագրերին միանալու վերաբերյալ՝ պետությունների կողմից բաց տիեզերքի, այդ թվում՝ լուսնի և այլ երկրային մարմինների, ուսումնասիրության և օգտագործման գործունեության կառավարման սկզբունքների վերաբերյալ դաշնագիր, աստղանավորդների փրկության, աստղանավորդների և բաց տիեզերք թողնված օբյեկտների վերադարձի վերաբերյալ համաձայնագիր, տիեզերական օբյեկտների կողմից պատճառած վնասների համար միջազգային պատասխանատվության վերաբերյալ կոնվենցիա, բաց տիեզերք թողնված օբյեկտների գրանցման վերաբերյալ կոնվենցիա և լուսնի և այլ երկրային մարմինների վրա պետությունների գործունեության վերաբերյալ համաձայնագիր.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ ոլորտի զարգացման և օրենսդրական կարգավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործակալության ստեղծման վերաբերյալ:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործակալություն ստեղծելը` համապատասխան լիազոր մարմիններին ներկայացնել առաջարկություններ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքում բաց տիեզերքի խաղաղ օգտագործման անվանմամբ նոր բաժին ստեղծելու և դրա նպատակների և գործառույթների վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություն «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բաց տիեզերքի խաղաղ օգտագործման բաժնի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:
 

Հավելված