Վարչապետի որոշումներ

12 Հոկտեմբերի 2012, 997 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 14-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2012 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) նախապատրաստել միջոցառման անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` տրամադրել անհրաժեշտ թվով լցավորված ավտոմեքենաներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: