Վարչապետի որոշումներ

11 Ապրիլի 2012, 332 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում`
«Ս. Կապինոս - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Պողոսյան - «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող (համաձայնությամբ)


Ն. Մաիլյան - «Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամ» հասարակական կազմակերպության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

Կ. Մարտիրոսյան - Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Սարգսյան - «Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար
(համաձայնությամբ)» բառերը փոխարինել

«Ա. Սորոկին - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Պողոսյան - «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող (համաձայնությամբ)` 5 տարի ժամկետով

Ե. Հովհաննիսյան - «Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)` 4 տարի ժամկետով

Կ. Մարտիրոսյան - Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)` 3 տարի ժամկետով

Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)` 2 տարի ժամկետով

Կ. Գալստյան - «Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)` 1 տարի ժամկետով» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1 – 6.9-րդ կետերով.
«6.1. Խորհրդի կազմում գործարար համայնքը ներկայացնում են հինգ ներկայացուցիչներ, որոնք, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընդգրկվում են հինգ տարի ժամկետով:
6.2. Գործարար համայնքի ներկայացուցիչների` խորհրդի կազմում ընդգրկվելու ժամանակաշրջանի ավարտին նախորդող եռամսյակում, քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք-էջում հայտարարություն է հրապարակում նոր անդամների թեկնածությունների ընտրության նպատակով: Խորհուրդը նիստի ընթացքում քննարկում է քարտուղարությանը դիմած նոր ներկայացուցիչների թեկնածությունները և նրանց թվից ընտրում նոր անդամներ:
6.3. Խորհրդի կազմում` որպես գործարար համայնքի ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն գործարար շահերը ներկայացնող միավորումները և այլ ոչ առևտրային կազմակերպությունները`
1) որոնք ներկայացնում են 15-ից ոչ պակաս անդամների կամ շահառուների շահերը.
2) որոնց անդամների 2/3-ը կամ նրանց անդամներ կամ շահառուներ հանդիսացող միավորումների 2/3-ը գերփոքր և փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներ են` «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:
6.4. Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտի հետ մեկտեղ գործարար միավորումը ներկայացնում է առաջարկություն իր կողմից քարտուղարությանը տրամադրվելիք աջակցության մասին:
6.5. Քարտուղարությունը խորհրդի կազմում` որպես գործարար համայնքի ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ ներկայացրած գործարար միավորումների թվից ընտրում է խորհրդի անդամների թեկնածուներին` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`
1) գործարար միավորման գործունեության պատմությունը.
2) առաջարկվող աջակցության ձևը:
6.6. Խորհուրդը նոր անդամներին ընտրում է քվեարկությամբ` սույն աշխատակարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված կարգով:
6.7. Խորհրդի` գործարար համայնքը ներկայացնող անդամների լիազորությունները, քարտուղարության ներկայացմամբ, կարող են դադարեցվել ժամկետից շուտ: Այս դեպքում հաշվի է առնվում համապատասխան անդամի կողմից ներկայացվող գործարար համայնքի մասնակցությունը խորհրդի աշխատանքներին, մասնավորապես`
1) գործարար համայնքի կողմից խորհրդի քննարկմանն առաջադրվող հարցերը` դրանց բովանդակությունը և արդիականությունը.
2) խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները` հիմնավորմամբ.
3) քարտուղարության աշխատանքներին ցուցաբերած աջակցությունը.
4) գործարար համայնքը ներկայացնող համապատասխան անդամի մասնակցությունը խորհրդի նիստերին: Երկու անգամ առանց հիմնավոր պատճառի չմասնակցելը խորհրդի նիստերին համարվում է անհարգելի:
6.8. Խորհրդի աշխատանքներին խորհրդի համապատասխան անդամի կողմից ներկայացվող գործարար համայնքի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը քարտուղարությանն է տրամադրվում գործարար համայնքի հանդիպումների արձանագրությունների միջոցով:
6.9. Խորհրդի` գործարար համայնքը ներկայացնող անդամի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում նոր անդամների ընտրությունն անցկացվում է սույն աշխատակարգի 6.2-6.6-րդ կետերով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետների հաշվարկը կատարվում է` սկսած 2011 թվականի հուլիսի 14-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։