Վարչապետի որոշումներ

11 Ապրիլի 2012, 327 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 27-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 2012 թվականի ապրիլի 22-23-ը ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի 27-րդ նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել նիստի նախապատրաստումն ու անցկացումը՝ ըստ արարողակարգի, ինչպես նաև հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը` ըստ ծրագրի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացրած ծրագրի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի օրակարգով և այցելության ծրագրով նախատեսված ծախսերը՝ հյուրերի կեցության, ներքին տրանսպորտի, նիստի անցկացման հետ կապված տեխնիկական միջոցների և տպագրական նյութերի ապահովման, պաշտոնական ճաշերի և հուշանվերների ձեռքբերման և միջոցառման հետ կապված այլ ծախսերը` 11265.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։