Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2011, 834 - Ա

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ` 66-ՐԴ ՆԻՍՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` համատեղ ծրագրի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական` 66-րդ նիստը 2011 թվականի հոկտեմբերի 4-8-ը Ծաղկաձորում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
1) համատեղ նախապատրաստել աշխատանքային հանդիպման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
1) պատվիրակությունների անդամներին 2011 թվականի հոկտեմբերի 4-8-ը տեղավորել հյուրանոցում՝ նրանց ապահովելով սննդով.
2) հյուրերի սպասարկման համար ապահովել տրանսպորտային միջոցներ.
3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ պատվիրակությունների ավտոշարասյուների ուղեկցման համար տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ պետական արարողակարգի ծառայության կողմից ներկայացված հայտի հիման վրա ապահովել պատվիրակությունները դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածք (սրահի կողմից):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ պատվիրակությունների անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի ապահովման, ներկայացուցչական, տրանսպորտային, մշակութային ծրագրերի իրականացման, աշխատանքային հանդիպման հետ կապված ծախսերը՝ 14738300 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների: